Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) գործընկերությամբ կազմակերպվեց «Ժողովրդավարության մարտահրավերները» խորագրով 11-օրյա երրորդ երեկոյան դպրոցը:

Ժողովրդավարության երրորդ երեկոյան դպրոցի շրջանավարտները ՄԱՀՀԻ թիմի հետ Լուսանկար: Ժողովրդավարության երրորդ երեկոյան դպրոցի շրջանավարտները ՄԱՀՀԻ թիմի հետ

14-26  դեկտեմբերի, 2015թ. Երևան:  Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) գործընկերությամբ կազմակերպվեց «Ժողովրդավարության մարտահրավերները» խորագրով 11-օրյա երրորդ երեկոյան դպրոցը: Դպրոցին մասնակցելու համար դիմել էին Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ավելի քան 20 ուսանողներ:

Օր 1

Ժողովրդավարության երեկոյան դպրոցի բացմանը ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը ունկնդիրներին նեկայացրեց երկշաբաթյա ծրագիրն ու բանախոսներին, իսկ ունկնդիրներն էլ շարադրեցին իրենց ակնկալիքները և սպասումները ծրագրից: Այնուհետև Սաֆարյանը հանդես եկավ «Ժողովրդա­վարության, ժողովրդավարաց­ման և անվտանգության կապը ներքին ու արտաքին քաղաքականությունների հետ» թեմայով դասախոսությամբ:

Բանախոսը ներկայացրեց ներքին ու արտաքին քաղաքականությունների անվտանգության ասպեկտը, դրանց կապը սահմանադրորեն ամրագրված հիմնարար արժեքների՝ մարդու իրավունքների և ազատությունների, երկրի ինքնիշխանության հետ:

Գործնական պարապմունքները նվիրված էին անցած 20 տարիների ընթացքում Հայաստանի ժողովրդավարական անցման հետագծի գնահատմանը և ժողովրդավարական քաղաքական համակարգի կառուցվածքի բացահայտմանը:

Օր 2

Երկրորդ օրվա բանախոսներն էին քաղաքական գիտությունների թեկնածուներ Աշոտ Ալեքսանյանը և Արուսյակ Ալեքսանյանը Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնից:

Բանախոսները նախ անդրադարձան ժողովրդավարության մակարդակի ինդեքսի քաղաքական գործոններին և դրանց գնահատման մեթոդաբանությունը, որը նրանք մշակել են ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում` հետխորհրդային հանրապետությունների ինդեքսները կազմելու համար:

Այնուհետև Աշոտ և Արուսյակ Ալեքսանյաններն ունկնդիրներին ներկայացրեցին այդ մեթոդաբանության հիման վրա Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի համար ստացված արդյունքները:

Համեմատական վերլուծության համատեքստում հատուկ անդրադարձ կատարվեց եվրոպական և եվրասիական ինտեգրման ուղիները բռնած երկրների խմբերում ժողովրդավարության զարգացման միտումներին:

Օր 3

Երեկոյան դպրոցի հերթական բանախոսը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանն էր «Ժողովրդավարություն և անվտանգություն» դասախոսությամբ: Նա ունկնդիրների հետ հանգամանորեն անդրադարձավ ժողովրդավարության հայեցակարգի էվոլյուցիային, ժողովրդավարության և անվտանգության միջև կապին:

Գործնական պարապմունքը և քննարկումը նվիրված էր կառավարման մյուս համակարգերի նկատմամբ ժողովրդավարական համակարգերի առավելությանը՝ հատկապես Հայաստանի նման փոքր և սակավառեսուրս, աշխարհաքաղաքական բարդ տեղադրությամբ պետությունների համար:

Աշխարհի այլ տարածաշրջանների ու հետխորհրդային տարածքի երկրների միջև կատարված համեմատությունները վեր հանեցին թե՛ ժողովրդավարացման խնդիրներն ու մարտահրավերները, թե՛ այդ համակարգի անայլընտրանք լինելը Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությունների համար:

Օր 4

«Համաձայնություն» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ և դեսպան Դավիթ Շահնազարյանը ունկնդիրների առջև հանդես եկավ տարածաշրջանային վերջին զարգացումներին նվիրված դասախոսությամբ:

Բանախոսը հատկապես կանգ առավ Ռուսաստան-Արևմուտք դիմակայության, Կովկասի վրա դրա ազդեցության, ինչպես նաև Մերձավոր Արևելքում վերջին սրացումների վրա, հատկապես՝ ռուս-թուրքական լարվածությանը, որը Արևմուտք-Ռուսաստան օրակարգը ծանրաբեռնել է ևս մեկ խնդրով:

Ունկնդիրների ու բանախոսի հարցուպատասխանը, ինչպես նաև ակտիվ քննարկումը վերաբերվում էր նման գլոբալ հակադրությունների պայմաններում Հայաստանի դիրքավորմանը, արտաքին ու ներքին քաղաքականությունների վրա այդ զարգացումների անդրադարձին, Հայաստան-Արևմուտք, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների պահպանման ու զարգացման հրամայականին:

Օր 5

Հինգերորդ օրվա հանդիպումը վարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը` «Արտաքին ու ներքին քաղաքականության խնդիրներով հանրության իրազեկումը» թեմայով:  

Բանախոսը կարևորեց հանրության իրազեկվածությունը որպես մարդու իրավունքներն ու Հայաստանի ինքնիշխանության և հանրության շահը արտաքին ու ներքին քաղաքականությունների օրակարգ բերելու ու դրանց հիմքում դնելու, իշխանության որոշումների վրա ազդելու կարևոր նախապայման:

Բանախոսն ունկնդիրներին ներկայացրեց հանրության իրազեկման այն ձևերը, որոնք իրենց կազմակերպությունն արդեն երկրորդ տարին է` կիրառում է՝ տեսանյութերի տեսքով ներկայացնելով տարբեր խնդիրներով կատարված մինի-հետազոտությունները:

Օր 6

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը քննարկումները տեղափոխեց մերձավոր Արևելք ու Կովկաս՝ ունկնդիրներին ներկայացնելով Իրան-ԱՄՆ, Իրան-Արևմուտք հարաբերությունների նախապատմությունն ու դրանց նորմալացման՝ տարեսկզբին մեկնարկած գործընթացը:

Ի նկատի ունենալով մոտ ապագայում Իրանի՝ տարածաշրջանային քաղաքականություն ավելի լայնամասշտաբ վերադարձի ուրվագծվող հեռանկարը, երբ նրա վրայից կհանվեն պատժամիջոցները, բանախոսը կանգ առավ Իրան-Արևմուտք հաղորդակցության մեջ Հայաստանի դերը վերագտնելու, տնտեսությունն ու քաղաքականությունները դիվերսիֆիկացնելու հնարավորությունների ու մարտահրավերների վրա:

Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման առումով բանախոսն ունկնդիրների հետ հանգամանորեն վերլուծեց Իրանի դերը և նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի համար` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Երևան-Թեհրան երկկողմ հարաբերությունների վրա մեծապես ազդում է Իրան-Հայաստան-Ադրբեջան եռանկյունու գործառնությունը, ինչպես նաև ԵՏՄ-ի և այլ գործոններ:

Օր 7

Օրվա բանախոսը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էր, ով ունկնդիրներին ներկայացրեց «Մարդու իրավունքները Հայաստանում և արտաքին ու ներքին քաղաքականությունների մեջ» թեման:

Իշխանյանը նախ վերլուծեց Հայաստանում մարդու իրավունքների ապահովման ու պաշտպանության համակարգային արատները նախկին ու նոր սահմանադրությունների լույսի ներքո:

Այնուհետև բանախոսը ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության գործում միջազգային կազմակերպությունների, հիմնարար փաստաթղթերի ու դրանց հարգման նշանակությունը:

Գործնական պարապմունքները կոչված էին մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա մոտեցումներն ու խնդիրներն առավել լավ ըմբռնելուն, ինչպես նաև Հայաստանի համար ռազմավարական մոտեցումներ ձևավորելուն:  

Օր 8

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը ծավալուն անդրադարձ կատարեց Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ստեղծման նախապատմությանը, հետապնդած աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական նպատակներին:

Խոսելով Եվրոպական միության Արևելյան գործընկերության հետ Ռուսաստանի աշխարհատնտեսական այդ նախագծի բախման մասին` փորձագետը ներկայացրեց դրա աղետալի տնտեսական ու քաղաքական հետևանքները Հայաստանի համար՝ վերջինիս ինքնիշխանության շրջափակումը և մեկուսացումն աշխարհից, ԵՄ-ի հետ տնտեսական ու քաղաքական մերձեցման և ինտեգրման կասեցումը:

Բանախոսը թվերի լեզվով ներկայացրեց թե՛ ԵՏՄ-ի, թե՛ այդ կառույցում Հայաստանի համար խոստացված հեռանկարների սնանկությունը: Եղիազարյանի և ունկնդիրների միջև քննարկման առարկա դարձավ Հայաստանի, նրա արտաքին ու ներքին քաղաքականությունների վրա այդ միության ազդեցության չեզոքացման կամ բացառման, ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության վերախթանման, ԵՏՄ-ից դուրս գալու և այլ հարցերը:

Օր 9

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հովսեփ Խուրշուդյանն անդրադարձավ Հարավային Կովկասի երկրների վրա Ռուսաստանի ազդեցության այլ գործիքներին ու լծակներին՝ չկարգավորված կամ սառեցված հակամարտություններին:

Բանախոսը հանդես եկավ տարածաշրջանում ակտիվ ներգրավվածություն ունեցող խոշոր դերակատարների՝ ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստանի շահերի վերլուծությամբ, որոնք վերաբերվում էին խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանը, կամ հակառակը՝ հակամարտությունների ապասառեցմանը:

Գործնական պարապմունքը նվիրված էր միջազգային, տարածաշրջանային ու ազգային մակարդակներում հիմնական դերակատարների շահերի վերլուծությանը, մասնավորապես՝ միջազգային դերակատարների հետ հակամարտության կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շահային ընդհանրություններին և հակասություններին, նրանց ներսում ժողովրդավարական զարգացումներին:

Բանախոսի օգնությամբ ունկնդիրները քննարկեցին տարածաշրջանային նոր անկայունության՝ հակամարտության գոտում ռազմական գործողությունների բացառմանն ու կանխմանն ուղղված, ինչպես նաև՝ վերսկսման դեպքում տարբեր հնարավոր դիպաշարեր, խաղաղության պահպանության, ամրապնդման գործում Արևմուտքի, Հայաստանի ու ԼՂՀ շահային ընդհանրությունները, այդ հիմքի վրա ռազմավարության մշակման և այլ հարցեր:

Օր 10

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը շարունակեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեման` առավելապես առաջին պլան բերելով դրա քաղաքական հետևանքներն ու ազդեցությունը Հայասանի ներքաղաքական կյանքի վրա:

Մեհրաբյանը համեմատական վերլուծության ենթարկեց ԵՏՄ անդամ երկրների քաղաքական համակարգերը, որոնք հենվում են մեկ անձի ու նրա պաշտամունքի, քաղաքական իշխանության ուղղահայացով կազմակերպման ու կոռումպացվածության, ժողովրդավարական գործընթացները խեղդելու ու վերահսկելի պահելու իրողությունների վրա:

Գործնական պարապմունքի թեման ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտներն ու վնասներն էին, մասնավորապես արտաքին ու ներքին քաղաքականությունների կտրվածքով:

Ունկնդիրներն ինքնուրույն աշխատանքի միջոցով և բանախոսի օգնությամբ վեր հանեցին ու քննարկման դրեցին միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի համար ուրվագծվող բացասական ազդեցություններն ու դրանց հակազդելու լուծումները: 

Օր 11

Վերջին օրվա բանախոսը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի հետազոտող Սյուզաննա Բարսեղյանն էր` «Սոցիոլոգիական մեթոդները հասարակագիտության մեջ. հանրային կարծիքն արտաքին ու ներքին քաղաքականության հարցերի վերաբերյալ» դասախոսությամբ:

Բարսեղյանը նախ հանգամանորեն ներկայացրեց հետազոտության մեջ օգտագործվող մեթոդները՝ հարցումներ, հարցազրույցներ, բովանդակային վերլուծություն (կոնտենտ անալիզ) և այլն:

Գործնական պարապմունքը նվիրված էր ունկնդիրների ընտրած երկու թեմաներին՝ հասարակության մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին և հանրության կարծիքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, ըստ այդմ` հետազոտական պլանների մշակմանը, հետազոտական գործիքների ընտրությանը:

Բանախոսը նաև ներկայացրեց արտաքին ու ներքին քաղաքականության հարցերով իր կատարած հետազոտությունների՝ հարցումների, բովանդակային վերլուծությունների ուշագրավ արդյունքները` խոսելով նաև վերջին մի քանի դեպքերի մասին, երբ սոցիոլոգիական հարցումները որպես զենք են օգտագործվում հայ հասարակության գիտակցության վրա ազդելու, մասնավորապես` Հայաստանի ինքնիշխանությունը նսեմացնելու և ռուսական ազդեցությունը մեծացնելու նպատակներով:

11-օրյա երեկոյան դպրոցի ավարտին տեղի ունեցավ վկայականների հանդիսավոր հանձնման արարողությունը, որին մասնակցում էր նաև ՄԱՀՀԻ հոգաբարձուների խորհրդի անդամ, երիտասարդ քաղաքական գործիչ և ակտիվիստ Դավիթ Սանասարյանը:

Վկայականների հանձնումից հետո ՄԱՀՀԻ հիմնադիր Ստեփան Սաֆարյանը շրջանավարտներին մաղթեց հաջողություններ իրենց քաղաքական ու հետազոտական աշխատանքներում, ինչին ի պատասխան շրջանավարտները շահագրգռություն հայտնեցին ակտիվորեն ներգրավվել Ինստիտուտի հետազոտական ծրագրերում:  

Ունկնդիրների առաջարկությամբ 2016թ. սկզբին ՄԱՀՀ-ին իր երեք դպրոցների շրջանավարտներին կհրավիրի առաջին երիտասարդական ֆորումին, որը հնարավորություն կտա տարբեր թողարկումների ունկնդիրներին շփվել միմյանց հետ, ինչպես նաև ՄԱՀՀ-ի ասոցացված ու գործընկեր փորձագետերի հետ քննարկել Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության, ժողովրդավարացման օրախնդիր հարցերը:

Ժողովրդավարության երրորդ երեկոյան դպրոցի շրջանավարտները ՄԱՀՀԻ թիմի հետ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի միջոցառումների թիմ