18 նմբ 2026
213
«Անցիր տեղդ»,— տեսախցիկների առջև բառացի ասում են ԱՄՆ-ի ու Չինաստանի առաջնորդների հետ ֆլիրտ անել ցանկացող Պուտինին, և նա, շիկնած օրիորդի նման կարկամած, տեղ է զբաղեցնում Չինաստանի առաջնորդի կնոջ կողքը, որի կողքին հենց այդ պահին նրա համար տեղ է «բացում» Սի Ծինփինը․․․
Որքան էլ Ռուսաստանի ու ռուսամետ քարոզիչները ներկայացնեն իրավիճակը, թե ուր որ է Չինաստանում «բազմաբևեռ աշխարհակարգի» շրջանակներում երեքով կկիսեն աշխարհն ու ազդեցության գոտիները, պատկերը Ռուսաստանի համար չափազանց մտահոգիչ է։ Չինաստանում ոչինչ չի կիսվում․ ԱՄՆ-ն և Չինաստանը փորձում են համաձայնեցնել բոլոր ոլորտներում ու բնագավառներում՝ օդում, ջրում, ցամաքում ու տիեզերքում սրվող մրցակցության կանոնները։ Ռուսաստանն այնտեղ հրավիրված է որպես մատաղի գառ՝ այն տարբերությամբ, որ իրեն հայեցողական իրավունք է տրված որոշելու, թե ում կողմից ու ում շահերի համար է «մորթվելու» և մատաղ լինելու։ Իսկ օրակարգ թելադրողը մյուս երկուսն են, ոչ թե ինքը, և այդ օրակարգը աշխարհն ու ազդեցության գոտիները կիսելու մասին չէ, այլ մրցակցության կանոնները հստակեցնելու՝ առանց միմյանց պարտադրելու մրցակցության ելքը․․․
Թրամփը դեռևս հույս ունի, որ ուկրաինական գործարքի (որի հեռահար նպատակը ոչ թե Եվրոպայի հարցերը լուծելն է, այլ Չինաստանի, ում դեմ ռազմավարական պայքարում Թրամփը ցանկանում է իր կողքին տեսնել Ռուսաստանին) չկայացման համատեքստում Պուտինը կկողմնորոշվի իր օգտին։ Պուտինն այդ ընտրությանը պատրաստ չէ և տակավին պատրանքների մեջ փորձում է մեծ ամբիցիաներով ու կարճ վերմակով ոտք մեկնել երկու տերությունների հետ, որոնք քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, ռազմական ու այլ չափանիշներով համապատասխանում են բևեռ լինելու չափանիշներին։
Օդանավակայանում Չինաստանի նախագահի կողմից ԱՄՆ նախագահին ողջունելու կադրերը ցույց են տալիս, որ Չինաստանը, այդուհանդերձ, դողում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վրա, որովհետև գիտակցում է, որ տնտեսական ու տեխնոլոգիական ներկայիս առաջընթացին հասել է նրա շնորհիվ և տակավին բազում կախվածություններ ունի նրանից։ ԱՄՆ նախագահն էլ իր բիզնես տրամաբանությամբ չի շտապում բաց առճակատման գնալ Չինաստանի հետ՝ փնտրելով այլ՝ դիվանագիտական լուծումներ։
Որքան էլ Ուկրաինան ու Եվրոպան ներկա չեն Չինաստանի գագաթնաժողովին և ներկա է Ռուսաստանը, այդուհանդերձ, այդտեղ ավելի շատ հենց Ռուսաստանի ճակատագիրն է վճռվում․․․
Հայկական ժողովրդական խոսքն ասում է՝ «փոս փորողն իր փորած փոսն է ընկնում»։ Դարերով ու նաև վերջին երկու տասնամյակում Ռուսաստանն ինքն էր Թուրքիայի հետ իր բանակցություններում մեզ մատաղի գառ ու վճարամիջոց դարձնում։
Ինչպես ասում են անգլիացիները՝ What goes around comes around, կամ՝ Karma is a bitch։

