Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
01 հկտ 2026 9

Հոկտեմբերի 1-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) տեղի է ունեցել «Հայաստան-ԱՄՆ ռազմավարական օրակարգի քննարկումը տարածաշրջանային զարգացումների համատեքստում» խորագրով համատեղ կլոր սեղան: Միջոցառումը կազմակերպվել էր Միջազգային քաղաքականությունների Խաղաղօվկյանոսյան խորհրդի (Pacific Council on International Policy) հետ համագործակցությամբ։

Ամերիկյան այս ազդեցիկ կառույցի 10 հոգանոց բարձր մակարդակի պատվիրակությունը, որը տարածաշրջանային այցով գտնվում է Վրաստանում և Հայաստանում, գլխավորում էր Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան և այժմ Խաղաղօվկյանոսյան խորհրդի նախագահ ու գործադիր տնօրեն Քրիստինա Քվինը։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին ինչպես խորհրդի ղեկավար կազմը, այնպես էլ կազմակերպության ցանցի տարբեր ոլորտների առաջատար ներկայացուցիչներ, ովքեր նպատակ ունեին տեղում ավելի խորությամբ ծանոթանալու տարածաշրջանային զարգացումներին և Հայաստան-ԱՄՆ դինամիկ կերպով ընդլայնվող հարաբերությունների օրակարգին:

ՄԱՀՀԻ հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը, գոհունակություն հայտնելով դեսպան Քվինի հետ հաստատված բազմամյա արդյունավետ գործընկերության համար, իր ողջույնի և բացման խոսքում ներկայացրեց Ինստիտուտի ծավալած ակտիվ գործունեությունը: Նա այն դիտարկեց վերջին տարիներին Հայաստանի ու հայ ժողովրդի դիմակայած դրամատիկ ու մարտահրավերներով լի զարգացումների համատեքստում։ Ստյոպա Սաֆարյանն առանձնահատուկ անդրադարձ կատարեց Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների որակական վերելքին՝ ռազմավարական երկխոսությունից մինչև ռազմավարական գործընկերություն և Վաշինգտոնյան համաձայնություններ՝ բարձր գնահատելով դեսպան Քվինի դիվանագիտական վաստակը և մատնանշելով այս գործընթացում Ինստիտուտի ունեցած համեստ ներդրումը։

Ամերիկյան պատվիրակության անդամների խնդրանքով ՄԱՀՀԻ փորձագիտական թիմը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հիմքում ընկած առանցքային գործոնները, ինչպես նաև տարածաշրջանում ազդեցիկ դերակատարների ներգրավվածության դինամիկան, ձևերն ու հնարավոր միտումները։

Կլոր սեղանի համակազմակերպիչները՝ ՄԱՀՀԻ կողմից Ստյոպա Սաֆարյանը, և Խաղաղօվկյանոսյան խորհրդի կողմից Քրիստա Զեյցը, բարձր գնահատեցին կայացած քննարկումը և պայմանավորվածություն ձեռք բերեցին ապագայում ևս, այդ թվում՝ առցանց ձևաչափերով, շարունակել ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը։

Փորձագետ (ներ)

ՄԱՀՀԻ լրատվական կենտրոն