Որքան էլ Ռուսաստանի կրեմլամերձ քարոզիչները, փորձագետները և նրանց արտերկրյա հետևորդները մեծ հույսեր էին կապում ու շարունակում են Չինաստանի Շենժեն քաղաքում ԱԽՏՀ (APEC) գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը ներկայացնել իբրև «Յալթա 2.0»՝ եռաբևեռ աշխարհակարգի հաստատում, լեգիտիմացում ու ազդեցության ոլորտների բաժանում, տեղի ունեցածում դրա նշույլն անգամ չկար։
ԱՄՆ-ը նույնիսկ միջազգային ու գլոբալ առումներով չֆորմատավորեց և չինստիտուցիոնալացրեց Իրանի ու Ուկրաինայի հակամարտությունները, ինչը թույլ կտար Չինաստանին ու Ռուսաստանին դարձնել դրանց կանոնավոր քննարկման միջազգային կողմեր։
ԵՄ-ը, որը մտահոգված էր բանակցությունների սեղանի շուրջ թե՛ իր, թե՛ Ուկրաինայի բացակայությամբ, կարող է հանգիստ շունչ քաշել։ Ռուսաստանի ներկայությունը սեղանի շուրջ նրան չի բարձրացնում հակամարտության օբյեկտի ու անմիջական կողմի կարգավիճակից, իսկ օրակարգում էլ բացառապես նրա հետագա վարքագծի շեղումները բացառող թեմաներն էին։
90 րոպե Շենժենում. Բարձրագույն լիգայի երազանքն ու «կրտսեր գործընկերոջ» իրականությունը․ «Սև ճամպրուկը» չօգնեց
«Յալթա 2.0» տեղի չունեցավ և չէր էլ կարող տեղի ունենալ, ինչպես գրել էի նախօրեի սյունակում։ Ֆանտաստիկայի ոլորտից կլիներ պատկերացնելն ու հավատալը, թե 1,5 ժամ տևած հանդիպման ընթացքում տեխնիկապես հնարավոր էր «բաժանել» աշխարհն ու ազդեցության գոտիները։ Դա անելու շահագրգռվածություն ու անհրաժեշտություն գոնե ԱՄՆ-ը չուներ, եթե անգամ Չինաստանն ու Ռուսաստանն ունենային էլ։
Թեպետ ՌԴ նախագահի պատվիրակությունը ցուցադրաբար Շենժեն էր ժամանել «միջուկային ճամպրուկով»՝ փորձելով պաշտոնակիցներին ևս մեկ անգամ հիշեցնել, որ ինքը միջուկային տերություն է և արժանի է «Բարձրագույն լիգայում» խաղալուն։ Անգամ Վ. Պուտինի ելույթը կիսադատարկ դահլիճում, ինչպես հաղորդեցին միջազգային լրատվամիջոցները, դրա տնտեսական հիմնավորումն էր. նա պնդում էր, թե Ռուսաստանը վերջին տարիներին համախառն արդյունքի, բարեկեցության ու այլ ցուցանիշներով արդեն գերազանցում է Եվրոպային, հետևաբար՝ միջուկային զենքի, տնտեսական հզորության ու գլոբալ խնդիրներում ունեցած կարևորության ուժով արժանի է լինել այդ լիգայում ու ճանաչվել որպես բազմաբևեռ աշխարհակարգի բևեռներից մեկը։ Ներկաները կարող էին հավատալ միջուկային տերություն լինելուն, ինչի վկայությունը Պուտինին ուղեկցող «սև ճամպրուկն» էր, բայց հավատալ նրա բերած տնտեսական ցուցանիշներին չէին կարող. դահլիճը ոչ միայն կիսադատարկ էր, այլև այնտեղ միամիտներ չկային…
Այս ամենի փոխարեն ձեռք բերվեց 4 կետանոց պայմանավորվածություն-հայտարարություն, որը Պուտինի և Սի Ցինփինի համար զսպաշապիկ է լինելու՝ ամրագրված եռակողմ պայմանավորվածություններից դուրս գալու ու հակամարտության սրացումների ժամանակ այլ վարքագիծ դրսևորելու և որոշումներ ընդունելու առումով։
Աշխարհը կիսելու փոխարեն՝ 4 կետանոց զսպաշապիկ. Շենժենի գագաթնաժողովի տողատակերը
Սպիտակ տան կայքում զետեղված համատեղ հայտարարությունը մեջբերենք ամբողջությամբ․

«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցինփինը հանդիպել են Շենժենում 2026 թվականի նոյեմբերի 19-ին։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պետությունների ղեկավարները երախտագիտություն են հայտնել Չինաստանին պատմական այս եռակողմ գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Երեք պետությունների ղեկավարները մտքերի հանգամանալից փոխանակում են ունեցել ներկայիս միջազգային իրավիճակի շուրջ և հանձնառություն են ստանձնել պահպանել ռազմավարական կայունությունն ու միջազգային անվտանգությունը։
1․ Որպես Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Չինաստանը պարտավորվել են բարեփոխել ՄԱԿ-ը, որպեսզի կազմակերպությունը կարողանա ավելի արդյունավետ արձագանքել գլոբալ մարտահրավերներին և համապատասխանել միջազգային խաղաղության ու անվտանգության իր հիմնարար առաքելությանը։
2․ Երեք երկրները ծրագրում են ավելացնել վերամշակված նավթամթերքի արտադրությունն ու մատակարարումը՝ ի շահ բոլոր ազգերի։ Նրանք վերահաստատել են էներգակիրների կայուն հոսքերի կարևորությունը։
3․ Երեք պետությունների ղեկավարներն ընդունել են, որ պետության համաձայնության սկզբունքը և պետական պաշտոնյաների անձեռնմխելիության նկատմամբ հարգանքն ունեն առաջնային նշանակություն, և համակարծիք են եղել, որ Միջազգային քրեական դատարանը և նմանատիպ այլ մարմինները չպետք է չարաշահեն իրենց իրավազորությունը։
4․ Երեք պետությունների ղեկավարները վերահաստատել են, որ միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել, և այն երբեք չպետք է մղվի։ Երեք երկրները երկխոսություն կվարեն միջուկային ռիսկերի նվազեցման և միջուկային զենքի տարածումը կանխելու ուղղությամբ»։
Այս 4 կետերից միանգամայն ակնհայտ է, թե ինչն է անհանգստացնում ԱՄՆ-ին. ՄԱԿ-ում որոշումների ընդունման փակուղայնությունը, քանի որ թե՛ Չինաստանը և թե՛ Ռուսաստանը վետոյի մեխանիզմով բարեհաջող կարողանում են արգելափակել որոշումները։ ԱՄՆ-ը բացում է ՄԱԿ-ի բարեփոխման պատուհանը՝ այդ առումով ստանալով մյուս կողմերի հանձնառությունը, մանավանդ որ բարեփոխման պահանջ այլևս ներկայացնում են գլոբալ խաղատախտակում տեսանելի, ազդեցիկ ու հավակնոտ դարձած շատ այլ պետություններ տարբեր մայրցամաքներից։
Թրամփի «մեծահոգությունն» ու Պեկինի սառը ցնցուղը. ինչ տեղի ունեցավ փակ դռների հետևում
Դրա դիմաց, իհարկե, ԱՄՆ-ը անվտանգային երաշխիքներ է տալիս ու հանձնառություն ստանձնում Միջազգային քրեական դատարանի հետապնդումներից ահաբեկված և Կրեմլում փակված Պուտինի նկատմամբ, ինչը նշանակում է, որ այդ դատարանի որոշումների կիրառման ժամանակ ԱՄՆ-ը թույլ չի տա ձերբակալել նրան։ Սա ԱՄՆ-ի համար զիջում չէ՝ նկատի ունենալով հենց ԱՄՆ ներսում վերջին տարիներին Թրամփի և Միջազգային քրեական դատարանի միջև թեժացած վեճը։
ԱՄՆ ներկա վարչակազմին առավել անհանգստացնում են էներգակիրների ու դրանց մատակարարման շղթաների անկայունությունն ու ճգնաժամը, որն առաջացել է Իրանի դեմ պատերազմի ու Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի հետևանքով։ ԱՄՆ-ի համար կարևոր է, որ իր շահերին վնասող զարգացումների դեպքում Չինաստանն ու Ռուսաստանը չօգտվեն այդ հնարավորություններից։
Ռուսաստանն ինքն էլ ունի լրջագույն խնդիրներ նավթի վերամշակման գործարանների ու մատակարարումների առումով, որոնք այս տարի մեծ արդյունավետությամբ թիրախավորվեցին Ուկրաինայի ԶՈՒ կողմից՝ բերելով խորը ներքին ճգնաժամ նավթով հարուստ երկրում։ Հետևաբար, իր խոցելիությունները վերացնելուց զատ, ԱՄՆ-ը ստանում է Չինաստանի հանձնառությունը՝ «հավատարիմ մնալ էներգակիրների կայուն հոսքերի կարևորության» հարցում։
Վերջապես, ԱՄՆ-ի համար խիստ մտահոգիչ է դարձել ուկրաինական թատերաբեմում միջուկային զենքի (թեկուզև տակտիկական նշանակության) գործածման հավանականությունը, որի վտանգը մեկ անգամ չէ, որ ստեղծվել է ռուսական ագրեսիայի և հատկապես այս տարի՝ ռուս-ուկրաինական պատերազմի ինտենսիվության աճի արդյունքում։
ԱՄՆ-ում Թրամփի վարչակարգին անհանգստացնում է ոչ միայն այն, որ Չինաստանը շահեկանորեն օգտագործում է ուկրաինական և իրանական ճգնաժամերը, այլև այն, որ միջուկային զենքի կիրառման դեպքում ԱՄՆ-ը՝ որպես ՆԱՏՕ-ի առաջատար պետություն ու թիվ մեկ երաշխավոր, ստիպված կլինի դառնալ նման պատերազմի անմիջական կողմ։ ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի ղեկավարի ուղղությամբ նրա քննադատության տողատակերում նաև այս մտահոգություններն են. հետևաբար, այդ ռիսկերը պետք է կառավարել, որպեսզի Պուտինը երբևէ ձեռքը չտանի դեպի «միջուկային ճամպրուկը», իսկ Չինաստանն էլ արդարացումներ չգտնի նրա այդ քայլի համար։
Եվ ահա, եռակողմ հայտարարության՝ ԱՄՆ-ի համար ամենակարևոր դրույթներից մեկը հենց վերջին կետն է, որով երեք երկրները վերահաստատում են, որ միջուկային պատերազմում հաղթողներ չկան, և պարտավորվում են երկխոսություն վարել միջուկային ռիսկերի նվազեցման ուղղությամբ։
Եռակողմ հանդիպում՝ առանց աշխարհի բաժանման. ո՞վ ինչ շահեց Շենժենում
Վստահաբար, ԱՄՆ-ը այս պարտավորությունը կտեղափոխի նաև առաջիկայում իր տարածքում կայանալիք G20-ի հայտարարության տեքստ։ Դա խնդրահարույց չդարձնելու համար էլ Թրամփն օգտագործեց Շենժենում տեղի ունեցած ԱԽՏՀ (APEC) գագաթնաժողովը՝ վաղօրոք ստանալով իր համար խնդրահարույց այդ երկու պետությունների հանձնառությունը. մնացածի հարցերը տեղում լուծելն ավելի հեշտ կլինի Վաշինգտոնի համար։ Փոխարենը ԱՄՆ վարչակարգը այդ գագաթնաժողովում ՌԴ նախագահի մասնակցության համար լուծեց Միջազգային քրեական դատարանի որոշմամբ չձերբակալվելու հարցը (որի պատճառով Պուտինը մի քանի տարի շարունակ չէր կարողանում անձամբ մասնակցել տարբեր երկրներում, այդ թվում՝ ՀԱՀ-ում և Հնդկաստանում կայացած գագաթնաժողովներին)՝ նրան մասնակիորեն դուրս բերելով միջազգային մեկուսացումից, բայց միաժամանակ դնելով իրենից լուրջ կախվածության մեջ։ Եվ որ ամենազավեշտալին է՝ Միջազգային քրեական դատարանի հետ ունեցած իր ներքին հակամարտությունը Թրամփը Պուտինին ներկայացրեց որպես մեծահոգություն։
Թրամփը միանգամայն բավարարված է ստացված արդյունքներից։ Պուտինը՝ նյարդայնացած, քանի որ հասկանում է, որ այն առավելագույնը, որի համար հասել էր Շենժեն, ձեռք բերված չէ։ Նա շատ էր փափագում, որ Չինաստանի այդ քաղաքում Թրամփը կստեղծի Ուկրաինայի ու Եվրոպայի հարցով միջազգային նոր ձևաչափ, որտեղ Կիևն ու Բրյուսելը ներկայացված չեն լինի։
Դա չստացվեց, քանի որ ԱՄՆ-ը նման նպատակ չունի։ Պուտինը հույս էր փայփայում, որ Շենժենի հանդիպումը կդառնա յուրօրինակ «Յալթա 2.0»՝ իր ազդեցության գոտիների նկատմամբ Չինաստանի ու ԱՄՆ-ի «ճանաչումը» ստանալու առումով, բայց ապարդյուն. Չինաստանն ու ԱՄՆ-ը նման գոտիներ ճանաչելու որևէ շահագրգռվածություն ու նպատակ չունեն։ Ավելին՝ ԱՄՆ-ում տեղի ունենալիք G20 գագաթնաժողովին արդեն իսկ հրավիրվել են Ռուսաստանի «ավանդական ազդեցության գոտիներ» դիտարկվող Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հանրապետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը, որտեղով անցնում ու անցնելու են ԱՄՆ-ի ու Չինաստանի հաղորդակցության աշխարհատնտեսական նախագծերն ու մատակարարման շղթաները։ Իսկ այդտեղ ո՛չ Պեկինը, ո՛չ Վաշինգտոնը Ռուսաստանին գերիշխող դերակատարում տալու ծրագրեր ու մտադրություններ չունեն։
Շենժենը Յալթա չէ. ինչո՞ւ չկայացավ աշխարհի բաժանումը և ի՞նչ ստացավ Պուտինը
Սա, իհարկե, չի նշանակում, թե Ռուսաստանը զրկվել է երկու գերտերությունների ռազմավարական մրցակցության խաղում խուսանավելու հնարավորությունից։ Նա կունենա այդ պատուհանը։ Սակայն խաղի կանոններն այնպիսին են, որ Մոսկվան ստիպված կլինի սպասարկել կողմերից մեկնումեկին՝ ուժեղացնելով նրան, դրա դիմաց վճարելով անձամբ, բայց այդպես էլ չստանալով իր փափագածը։
Պուտինի նյարդային պահվածքը պայմանավորված էր ոչ այնքան ԱՄՆ-ի վերաբերմունքով, որը կանխատեսելի էր, որքան Չինաստանի դիրքորոշմամբ։ Եթե Պուտինը կանխավ էլ գիտեր, որ Արևմուտքն ու ԱՄՆ-ը մերժում են գերտերության ու աշխարհի բևեռ լինելու իր հավակնությունները (ինչի համար էլ սկսել է ուկրաինական ագրեսիան), ապա նրա հիմնական հիասթափությունը կապված էր Պեկինի հետ. նա կարծում էր, թե Չինաստանն իրեն կդիտարկի որպես հավասար գործընկեր։ Մինչդեռ բոլոր դրվագներում՝ օդանավակայանում դիմավորելուց, խմբային լուսանկարից ու ճաշի սեղանների դասավորությունից մինչև շարժասանդուղքի արարողակարգ, Թրամփն ու Սի Ցինփինը նրան հասկացրին, որ նա լավագույն դեպքում կրտսեր գործընկեր է, այլ ոչ թե բարձրագույն լիգայի խաղացող։
Հետևաբար, Պուտինն ամենից լավ գիտի, որ Շենժենը Յալթա չէ, և ինչպես հայտնի խորհրդային ֆիլմում կասեր արկածախնդիր ու ավանտյուրիստ կերպարը՝ «Չէ՛, Շուրա, սա Ռիո դե Ժանեյրոն չէ…»։


